Մասնակցության կարգ

 

Հիմնական դրույթներ

Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթն (այսուհետ՝ Մրցույթ) անց է կացվելու Երևանում 2017թ.-ի հունիսի 6-ից 14-ը: 

«Վոկալ» մասնագիտությամբ մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ երգիչներին և նպաստել նրանց առաջխաղացմանը:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է:

 

 Մրցույթի պայմաններ

Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի մեկնարկման պահին (հունիսի 6, 2017 թ.) 18-35 տարեկան (ներառյալ) երգիչները (սոպրանո, մեցցո-սոպրանո, տենոր, բարիտոն և բաս)` անկախ ազգությունից և քաղաքացիությունից:

Խաչատրյանի անվան վոկալի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):

Նախընտրական լսումներից հետո Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 40 մասնակից: 2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 20, իսկ 3-րդ փուլին՝ առավելագույնը 10 մասնակից:

Առանձին դեպքերում, ժյուրիի որոշմամբ, Մրցույթի հաջորդ փուլ կարող են անցնել նախապես սահմանված թվից ավելի մասնակիցներ:

Մրցույթի փուլերի ընթացքում բոլոր կատարումները ներկայացվում են անգիր: Յուրաքանչյուր մասնակից կարող է որոշել իր կատարումների հերթականությունը: Ելույթի տևողությունը չպետք է գերազանցի Մրցույթի մասնակցության կանոններով նախատեսված առավելագույն ժամանակաչափը:

Դաշնամուրի լարվածքը 442 Hz է:

Մրցույթը պարտավորվում է յուրաքանչյուր փուլում մասնակիցների ելույթից առաջ տրամադրել փորձասենյակ:  

Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակները: Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ :

Մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերն անց են կացվում բաց հրապարակային պայմաններում:

Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ և պահպանվում մինչև Մրցույթի ավարտը: 

Մրցույթի ամբողջ ընթացքի կամ որոշ փուլերի առցանց հեռարձակումը, Մրցույթի ընթացքում կատարված ձայնագրությունները և տեսագրությունները և դրանց օգտագործման իրավունքները պատկանում են Մրցույթին:  

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները պարտավորվում են անհատույց մասնակցել Մրցույթի փակման և դափնեկիրների համերգին:

 

Մասնակիցների ընտրության կարգ

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է ուղարկեն իրենց կատարումների տեսագրության ինտերնետային հղումը՝ մասնակցի ընտրությամբ դասական կամ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորների 2 արիա անգիր կատարումով, բնօրինակ լեզվով և օրիգինալ տոնայնությամբ: Հայտում պետք է նշել նախընտրական լսումների համար ներկայացվող ստեղծագործությունների ցուցակը, տեսագրության ամսաթիվը և տևողությունը: Երկու տեսագրությունների տևողությունը պետք է լինի 10 րոպե՝ առանց դադարների և խմբագրման յուրաքանչյուր ստեղծագործության կատարման ընթացքում: Ընդունելի են միայն 2014 թ. հունիսի 6-ից հետո կատարված տեսագրությունները:

Մրցույթի առաջին փուլ անցած մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով, ինչպես նաև արդյունքները կտեղադրվեն Մրցույթի կայքում 2017 թ. մայիսի 5-ին:

 

Մասնակցության  վճար  

Մրցույթին մասնակցելու համար Կազմկոմիտեն սահմանել է մասնակցության վճար՝ 70 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Բանկային փոխանցման միջնորդավճարը վճարում է մասնակիցը: Մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:

Օտարերկրյա դիմորդները մասնակցության վճարը պետք է փոխանցեն Մրցույթի բանկային հաշվեհամարին՝ 

Raiffeisen Zentralbank Oesterreich AG, Vienna, Austria

 SWIFT:RZBAATWW

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22

Beneficiary:   ARAM KHACHATRYAN-MRTSUYT MSH.HIMNADRAM   

Account No:   24130001552602 EUR

 

ՀՀ քաղաքացիները մասնակցության վճարը պետք է փոխանցեն ՀՀ դրամով հետևյալ բանկային հաշվեհամարին՝

 «Արամ Խաչատրյան-Մրցույթ» մշակութային հիմնադրամ

ՀՎՀՀ - 02568841

Հասցե` քաղաք Երևան , 0009, Զարուբյան 3

Յունիբանկ 24130001552600 AMD 

 

Հայտերի ներկայացման կարգ  

Մրցույթին մասնակցության հայտը և փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել info@akhic.am էլեկտրոնային հասցեին մինչև 2017 թ. ապրիլի 25-ը: Հայտը կարող եք ներբեռնել այստեղ:

Մրցույթի լրացված մասնակցության հայտի հետ մեկտեղ անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն (անգլերեն), 
  • բարձր որակի ստեղծագործական լուսանկար մրցույթի տպագրական նյութերի համար (նվազագույն չափսը՝ 2Mb),
  • 2 երաշխավորագիր՝ տրված անվանի երաժիշտների կողմից,
  • մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթ: Յուրաքանչյուր հայտ դիտարկվում է միայն Մրցույթի մասնակցության վճարը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Մրցույթն իրավունք ունի մերժել մասնակցի հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին: Կեղծ տեղեկատվություն ներկայացնող մասնակիցները կորակազրկվեն: Մասնակցի ուղարկած հայտը վկայում է, որ մասնակիցն ընդունում է Մրցույթի բոլոր կանոնները: 

 

 

Տեղեկատվություն  օտարերկրյա մասնակիցների համար

Մրցույթի մասնակցելու հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար՝ http://www.mfa.am/en/visa/: Որոշ երկրների քաղաքացիներ կարող են մուտքի արտոնագիր ստանալ նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: 

Մրցույթն օտարերկրյա մասնակիցների համար կարող է տրամադրել կոնցերտմայստեր, ինչի անհրաժեշտության մասին պետք է նշել մասնակցության հայտում:

Մրցույթը մասնակիցներին առաջարկում է հատուկ զեղչ երևանյան հյուրանոցում կացության համար:

Մրցույթը 3-րդ փուլ (եզրափակիչ) անցած մասնակիցներին տրամադրում է հյուրանոց:

Մրցույթի վերը նշված բոլոր կանոնները հրապարակման պահին ճիշտ են: Այդուհանդերձ, Մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքներից ելնելով, կարող է փոփոխություններ մտցնել կանոններում, բայց  ոչ ուշ, քան Մրցույթի մեկնարկից երկու ամիս առաջ:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերում անհամապատասխանությունների դեպքում առավելությունը տրվում է հայերենին:

 

Դեպի վերև
Eng Рус