Մասնակցության կարգ

 

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն (այսուհետ՝ Մրցույթ) անց է կացվելու Երևանում 2018թ-ի հունիսի 6-ից հունիսի 14-ը: 

 

Մրցույթի պայմաններ

Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի մեկնարկման պահին (հունիսի 6, 2018թ) 16-32 տարեկան (ներառյալ) թավջութակահարները` անկախ ազգությունից և քաղաքացիությունից:

Թավջութակահարների միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):

Նախընտրական լսումներից հետո Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 30 մասնակից: 2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 15, իսկ 3-րդ փուլին՝ առավելագույնը 4 մասնակից:

Առանձին դեպքերում, ժյուրիի որոշմամբ, Մրցույթի հաջորդ փուլ կարող են անցնել նախապես սահմանված թվից ավելի մասնակիցներ:

Մրցույթի փուլերի ընթացքում բոլոր ստեղծագործությունները ներկայացվում են անգիր՝ բացառությամբ սոնատների: Մրցույթի ծրագիրը չի կարող փոփոխվել Մրցույթի ընթացքում: Յուրաքանչյուր մասնակից կարող է որոշել իր կատարումների հերթականությունը:

Դաշնամուրի լարվածքը 442 Hz է:

Մրցույթը պարտավորվում է յուրաքանչյուր փուլում մասնակցի ելույթից մեկ ժամ առաջ տրամադրել փորձասենյակ:  

Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակները: Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ :

Մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերն անց են կացվում բաց հրապարակային պայմաններում:

Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ և պահպանվում մինչև Մրցույթի ավարտը: 

Մրցույթի ամբողջ ընթացքի կամ որոշ փուլերի առցանց հեռարձակումը, ընթացքում կատարված ձայնագրությունները և տեսագրությունները և դրանց օգտագործման իրավունքները պատկանում են Մրցույթին:  

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները պարտավորվում են անհատույց մասնակցել Մրցույթի փակման և դափնեկիրների համերգին, ինչպես նաև Մրցույթի կողմից կազմակերպվող համերգներին, որոնք նպաստում են Մրցույթի հանրահռչակմանը:

 

Մասնակիցների ընտրության կարգ

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է ուղարկեն իրենց կատարումների տեսագրության ինտերնետային հղումը՝ մեկ դասական և մեկ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված մենանվագ թավջութակի կամ թավջութակի և դաշնամուրի (նվագախմբի) համար: Հայտում պետք է նշել նախընտրական լսումների համար ներկայացվող ստեղծագործությունների անվանումը, տեսագրության ամսաթիվը և տևողությունը:  Երկու տեսագրությունների տևողությունը չպետք է գերազանցի 20 րոպեն: Յուրաքանչյուր ստեղծագործության կատարման տեսագրությունը պետք է լինի առանց դադարների և խմբագրման ստեղծագործության ամբողջ կատարման ընթացքում: Ընդունվում են միայն 2015թ. հունիսի 6-ից հետո կատարված տեսագրությունները:

Մրցույթի առաջին փուլ անցած մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով, ինչպես նաև արդյունքները կտեղադրվեն Մրցույթի կայքում 2018թ. մայիսի 5-ին:

 

Մասնակցության վճար

Մրցույթին մասնակցելու համար Կազմկոմիտեն սահմանել է մասնակցության վճար՝

  • մինչև 2018թ. հունվարի 10-ը ներառյալ դիմելու դեպքում՝ 100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ,
  • 2018թ. հունվարի 11-ից ապրիլի 10-ը ներառյալ դիմելու դեպքում՝ 150 եվրոյին համարժեք ՀՀ դրամ,
  • 2018թ. ապրիլի 11-ից մինչև ապրիլի 25-ը ներառյալ դիմելու դեպքում՝ 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

 

Բանկային փոխանցման միջնորդավճարը վճարում է մասնակիցը: Մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:

Օտարերկրյա դիմորդները մասնակցության վճարը պետք է փոխանցեն Մրցույթի բանկային հաշվեհամարին՝ 

Raiffeisen Zentralbank Oesterreich AG, Vienna, Austria

 SWIFT:RZBAATWW

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22

Beneficiary:   ARAM KHACHATRYAN-MRTSUYT MSH.HIMNADRAM   

Account No:   24130001552602 EUR

ՀՀ քաղաքացիները մասնակցության վճարը պետք է փոխանցեն ՀՀ դրամով հետևյալ բանկային հաշվեհամարին.

«Արամ Խաչատրյան-Մրցույթ» մշակութային հիմնադրամ

ՀՎՀՀ - 02568841

Քաղաք. Երևան 0009, Զարուբյան 3

Յունիբանկ 24130001552600 AMD 

 

Հայտերի ներկայացման կարգ

Մրցույթի մասնակցության հայտը և փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել info@ khachaturian-competition.com  էլեկտրոնային հասցեին մինչև 2018թ. ապրիլի 25-ը:

Հայտը կարելի է ներբեռնել այստեղ:  

Մրցույթի լրացված մասնակցության հայտի հետ մեկտեղ անհրաժեշտ է ուղարկել նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն (անգլերեն), 
  • բարձր որակի ստեղծագործական լուսանկար մրցույթի տպագրական նյութերի համար (նվազագույն չափսը՝ 2Mb),
  • երկու երաշխավորագիր՝ տրված անվանի երաժիշտների կողմից,
  • մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթ: Յուրաքանչյուր հայտ դիտարկվում է  միայն Մրցույթի մասնակցության վճարը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Մրցույթն իրավունք ունի մերժել մասնակցի հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին: Կեղծ տեղեկատվություն ներկայացնող մասնակիցները կորակազրկվեն: Մասնակցի ուղարկած հայտը վկայում է, որ մասնակիցն ընդունում է Մրցույթի բոլոր կանոնները:

 

 

Տեղեկատվություն օտարերկրյա մասնակիցների համար

Մրցույթին մասնակցելու հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Վիզայի անհրաժեշտությունը կարելի է ստուգել հետևյալ հղմամբ՝

http://www.mfa.am/en/visa .

Մրցույթն օտարերկրյա մասնակիցների համար կարող է տրամադրել կոնցերտմայստեր, ինչի անհրաժեշտության մասին պետք է նշել մասնակցության հայտում: Յուրաքանչյուր փուլում կոնցերտմայստերի հետ պարապմունքի անվճար ժամաքանակը սահմանված է 2 ժամ:

Մրցույթի ամբողջ ընթացքում Մրցույթն օտարերկրյա մասնակիցներին տրամադրում է հյուրանոց և սնունդ: Մրցույթը չի վճարում մասնակցին ուղեկցող անձանց (այդ թվում կոնցերտմայստերի) ծախսերը:

Մրցույթի վերը նշված բոլոր կանոնները հրապարակման պահին ճիշտ են: Այդուհանդերձ, Մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքներից ելնելով, կարող է փոփոխություններ մտցնել կանոններում, բայց  ոչ ուշ, քան Մրցույթի մեկնարկից երկու ամիս առաջ:

 

Դեպի վերև
Eng Рус