Պաշտոնական նվագախումբ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005թ.-ին: Հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ով առ այսօր գլխավորում է կոլեկտիվը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների, ում աշխատասիրությունն ու նվիրվածությունը, կյանքի ուղու ճիշտ ընտրության գիտակցումը և նպատակաուղղվածությունը կարճ ժամանակահատվածում ապահովել են կոլեկտիվին երաժշտասեր հասարակության ընդունելություն և միջազգային ճանաչում: 2008թ.-ին բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ:

Նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Երաժիշտները ներկայացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իտալիայի, Լիբանանի և շատ այլ երկրների հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն: Նվագախումբը մասնակցել է Մոսկովյան Զատկի (Մոսկվա/ Ռուսաստան), Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի (Վարշավա/Լեհաստան),YOUNG.EURO.CLASSIC (Բեռլին/Գերմանիա), Kultursommer Nordhessen (Կասսել/Գերմանիա), Young.Classic.Wratislavia (Վրոցլավ/Լեհաստան) և մի շարք այլ միջազգային փառատոների, բազմիցս հանդես է եկել որպես հեղինակավոր միջազգային միջոցառումների պաշտոնական նվագախումբ՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթ (2007թ.-ից մինչ օրս), Musica Riva փառատոն (2013թ., Ռիվա դել Գարդա/ Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների 9-րդ մրցույթ (2014թ., Ֆոշան/Չինաստան) և Al Bustan փառատոն (2014թ. 2015թ., 2016թ., Բեյրութ/Լիբանան) և այլն:

Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի բեմի աշխարհահռչակ վարպետներ Վալերի Գերգիևի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վլադիմիր Սպիվակովի, Մաքսիմ Վենգերովի, Դենիս Մացուևի, Վադիմ Ռեպինի, Վահագն Պապյանի, Բորիս Բերեզովսկու և այլ նշանավոր արվեստագետների հետ:

Նվագախումբն անընդմեջ հանդես է գալիս նոր ծրագրերի նախաձեռնություններով, այդ թվում՝ բարեգործական: 2010թ.-ից Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անց է կացվում Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, իսկ 2013թ.-ից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի է կոչվում ամենամյա Խաչատրյանի միջազգային փառատոնը: Երիտասարդական նվագախումբը շարունակաբար իր հանդիսատեսին է ներկայացնում հետաքրքիր համերգաշարեր, այդ թվում՝ Hollywood Non-Stop, Cartoon Non-Stop, «Ճանապարհորդություն դեպի...», «Երիտասարդականը հանդիպում է ...» և այլն: Հատկանշական է նաև «Վարպետը կերտում է վարպետներ» մշտական շարքը, որի շրջանակներում երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասերով հանդես են գալիս իրենց գործի մեծանուն վարպետները, այդ թվում՝ Վալերի Գերգիևը, Զախար Բրոնը և շատ այլոք: 

Նվագախմբի լայն երկացանկն ընդգրկում է դասականից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2011թ-ին Sony ձայնագրման ստուդիայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ թողարկել է անդրանիկ Music is the answer ձայնասկավառակը, որում ընդգրկվել են Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները:

 

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան

 

Երիտասարդ հայ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիրն է: Մշակույթի բնագավառում ունեցած հաջողությունների համար 2016թ.-ին դիրիժորը ՀՀ նախագահի կողմից արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը:

Ներկայումս Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորը ընկալման համար նվագախմբին շնորհվել է «պետական» կարգավիճակ: Դիրիժորը հիմնադրել է նվագախումբը 18 տարեկանում: Սմբատյանի ղեկավարությամբ ՀՊԵՆ-ը բազում հրավերներ է ստացել միջազգայնորեն ճանաչված փառատոներից և կարևոր համերգասրահներից: 2015թ.-ին նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Կաննում՝ MIDEM փառատոնի շրջանակներում, որտեղ Հայաստանը հռչակվել է «Պատվո երկիր»:

2016թ.-ի մայիսին Սմբատյանին շնորհվել է Debut Berlin միջազգային համերգ-մրցույթի առաջին մրցանակը: Դափնեկիրների համերգը տեղի է ունեցել հունիսի 1-ին Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճի կամերային երաժշտության սրահում:

2017թ.-ի ապրիլին կկայանա դիրիժորի առաջնաելույթը Մյունխենում՝ Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Վերջին համերգաշրջանների առավել նշանակալի միջոցառումներից են Սմբատյանի ելույթները Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբի, Դրեզդենի ֆիլհարմոնիկ  նվագախմբի, Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան 19-րդ Զատկի փառատոնի շրջանակներում, ինչպես նաև  Սեուլի արվեստի կենտրոնում Կորեայի կամերային նվագախմբի հետ: Վերջին նվագախմբի հետ համագործակցությունն ավելի ուշ շարունակվել է Մոսկվայում՝ մենակատար Պինկաս Ցուկերմանի հետ, ինչպես նաև Բոստոնում և Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահում: Երաժշտի կարիերայում կարևոր տեղ է զբաղեցնում Philharmonia Orchestra-ի հետ լոնդոնյան դեբյուտը, ինչպես նաև համագործակցությունը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ և LSO Discovery-ի համերգը: Ներկայանալով մեծանուն երաժիշտ Մաքսիմ Վենգերովի հետ՝ Սմբատյանը ղեկավարել է Վինձորի ամրոցում Նորին Գերազանցություն արքայազն Չարլզի Princes Trust միջոցառման շրջանակներում կազմակերպված գալա համերգը: Միջոցառման հաջողությամբ պայմանավորված՝ 2011թ.-ին համերգը կրկնվել է Բուքինգհեմյան պալատում, որտեղ Սմբատյանը ևս մեկ անգամ ղեկավարել է Philharmonia Orchestra-ն:

2016թ.-ին երաժշտության և գրականության համադրությամբ լիովին նոր նախագծի պրեմիերայով մեկնարկեց Սմբատյանի և աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչի համատեղ համաշխարհային համերգային շրջագայությունը:

2016թ.-ի սեպտեմբերի 21-ին Սմբատյանը ղեկավարել է «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախմբի և նվագախմբի անդրանիկ համերգը: Նախագիծը, որի հեղինակը հենց ինքը՝ Սմբատյանն էր, մեկ բեմում է միավորել 1144 երաժիշտների Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից:

Սմբատյանը նաև հիմնադրել է «24/04» Համաշխարհային նվագախումբը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:

Սմբատյանի՝ որպես դիրիժորի կայացման վրա նշանակալի ազդեցություն են գործել սըր Քոլին Դևիսը, Ռիկարդո Մուտին, ինչպես նաև Վալերի Գերգիևը:

Որպես հայ ժամանակակից երաժշտության գիտակ՝ Սմբատյանը հանդիսանում է Հայ կոմպոզիտորական արվեստի և Խաչատրյանի միջազգային փառատոների համահիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: Դիրիժորը ձգտում է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերին ծերանոցներում, մանկատներում և համալսարաններում:

2009թ.-ին Սմբատյանը հիմնադրել է ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը, որը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և Եվրոպայում:

2015թ.-ին Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարարությունը Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանով: 

Սերգեյ Սմբատյանին աշխարհում ներկայացնում է Տանյա Դորնը/ Dorn Music:

Դեպի վերև
Eng Рус