Պատմություն

Հայաստան` վսեմ լեռների ծերպերում ծվարած հինավուրց աշխարհի մասնիկ, բազմադարյա մշակույթի կրող, կենդանի ապացույց մի փոքր ժողովրդի մեջ ամփոփված հոգևոր ուժի, ով կարողացել է պաշտպանել իր գոյության սրբազան իրավունքը և առասպելական Փյունիկի պես կրկին և կրկին վերածնվել է մոխրից` հառնելով ավերակներից և շարունակելով կյանքի սահմանված ուղին: Ուղի, որը, ցավոք, պարուրված չի եղել մետաքսով. հնագույն պատմիչների տարեգրքերում մեր երկիրը նշվել է խոշոր պետությունների կողքին, սակայն անցնում էին դարեր, հազարամյակներ, աշխարհը ականատես էր դառնում դաժան պատերազմների, իշխող կայսրությունների անկման, նորանոր ազգերի ձևավորման, և, բնական է, Հայաստանը չէր կարող անմասն մնալ ամենից և շատ հաճախ հայտնվում էր իրադարձությունների հորձանուտում:

Ո՞րն է այս կենսունակության գաղտնիքը, ինչպե՞ս է մեզ հաջողվել չնայած փոքր տարածքին պահպանել մեր ազգային ինքնությունը և մշակույթի յուրահատկությունը: Պատասխանը, հավանաբար, թաքնված է անսահման հավատքի, կրոնի մեջ` թշնամու սրի առջև չընկրկող ուժի, որը միավորել է ժողովրդին, թույլ չի տվել ձուլվել օտարին: Քրիստոնեության ընդունման առաջին ժամանակներից (301թ., առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն) մինչ օրս հայերը առանձնացել են բիբլիական Արարատի լանջերին սփռված իրենց հողում կրոնի պահպանման համար տարվող պայքարի խիզախությամբ:                  

 «Մի ժողովուրդ, ում քրիստոնեական հավատը այնքան հին է, ով չմերժեց Քրիստոսին անգամ ուժեղագույն փոթորիկների և դաժան հալածանքների ժամանակ, ժողովուրդ, ում պատմությունը գրեթե լիովին բաղկացած է չարչարանքների շղթայից, իհարկե արժանի է ոչ միայն մեր կարեկցանքին, այլ նաև սիրուն»:

Մ. Սաքս

Բնական է, որ կրոնի նկատմամբ տածած նման վերաբերմունքը պետք է ուղեկցվեր քրիստոնեական ճարտարապետությանը պատկանող բազմաթիվ հուշարձանների ստեղծմամբ: Դրանց շարքում են Էջմիածնի (Վաղարշապատ) Մայր Տաճարը, Հաղպատի, Սանահինի, Գեղարդի, Խոր Վիրապի վանքերը, Նորավանքը, Գոշավանքը, Սևանավանքը, Զվարթնոցի հնագիտական հուշարձանը, Նորադուզի խաչքարերի գերեզմանատունը և այլն (նշվածներից մի քանիսը ընդգրկված են Համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակում): Սրանցից շատերի անունները վաղուց արդեն անքակտելիորեն միահյուսվել են բազմաթիվ առասպելների ու լեգենդների հետ, ինչը, սակայն, առավել գրավիչ է դարձնում դրանք օտարականի աչքերում` հավելելով առանձնահատուկ հնչերանգներով:

Գեղարդ

Գեղարդ (գործածական է նաև առավել հին` Այրիվանք անվանումը)` վանական համալիր, եզակի ճարտարապետական կոթող` կառուցված IVդ. սկզբում քարանձավում սկիզբ առնող սուրբ աղբյուրի տեղում: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Համալիրի անվանման ծագումնաբանությունը կապված է վանքում պահված սուրբ գեղարդի հետ, որով, ըստ ավանդության, խոցվել է խաչված Հիսուսը, և որը, ի թիվս շատ այլ մասունքների, Հայաստան է բերվել Թադեոս առաքյալի կողմից: Այժմ գեղարդը իր պատվավոր տեղն է գտել Էջմիածնի թանգարանում:

Խոր Վիրապ

Խոր Վիրապ` Հայ Առաքելական եկեղեցու սրբավայր և ուխտատեղի: Ըստ եկեղեցական ավանդության` այս վայրում եղել է թագավորական զնդան` լցված թունավոր օձերով ու միջատներով, ուր նետում էին բանտարկյալներին: Հենց այստեղ քրիստոնեությունը տարածելու համար Տրդատ 3-րդ արքայի հրամանով 13 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը: Ավանդույթի համաձայն, երբ Տրդատ արքայի հրամանով նահատակվում են Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ կույսերը, նա ծանր հիվանդանում է: Թագավորի քույր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, որ արքային կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը, և պնդում է ազատել նրան: Ազատվելով բանտից` Գրիգորը բուժում է Տրդատին: Թագավորը և Գրիգորը կույսերի նահատակության վայրում կառուցում են վկայարաններ ու ամփոփում նրանց մասունքները: Տրդատ արքան դադարեցնում է քրիստոնյաների հալածանքը, հռչակում է քրիստոնեությունը պետական կրոն, իսկ Գրիգորը դառնում է առաջին կաթողիկոսը` Գրիգոր Լուսավորիչ անվամբ: 624թ-ին Ներսես 3-րդ կաթողիկոսը զնդանի տեղում կառուցում է ժամատուն, որը հետագայում ավերվում է երկրաշարժից: 1662թ-ին նույն վայրում կառուցվում է ներկա Սբ. Աստվածածին եկեղեցին:

Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճար`Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Տաճարը կառուցվել է IVդ. սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, Հայ եկեղեցու առաջին հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Ավանդույթի համաձայն` գիշերային մենության մեջ մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք է ունենում. Աստծու Միածին Որդին իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածում գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվի Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Այսպես Միածնի իջման վայրում և կառուցվում է Տաճարը:

Երևանի տեսարժան վայրերի լավագույն տասնյակ

1. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

 

«Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան` ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ-ին Մեծ Եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»

 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցված է` հավերժացնելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 1967թ-ից ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն: 1995թ-ին` Մեծ Եղեռնի 80-ամյա տարելիցին, Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հայոց ցեղասպանության թանգարանի առաքելությունը խարսխված է այն համոզմունքի վրա, որ Հայոց ցեղասպանության ընդունումը կարևոր քայլ է` ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար և նրանք, ովքեր մոռանում են անցյալը, դատապարտված են այն կրկնել:

2. Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան

Մատենադարանը հիմնադրվել է 405թ-ին` գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Վաղարշապատում (Էջմիածին): Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17300 ձեռագիր մատյանները, 450000 արխիվային փաստաթղթերն ու 3000 հնագույն գրքերը ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, երաժշտություն և այլն: 1939թ-ին Մատենադարանը Էջմիածնից տեղափոխվել է մայրաքաղաք Երևան:

3. Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

Մայրաքաղաքի յուրաքանչյուր հյուր պետք է անպայմանորեն այցելի Հանրապետության հրապարակում տեղակայված Հայաստանի պատմության թանգարանը, որն Ազգային պատկերասրահի հետ մեկտեղ հիմնվել է 1921թ-ին: Թանգարանը և պատկերասրահը կիսում են միևնույն թանգարանային համալիրի ընդհանուր շենքը: Հայաստանի պատմության թանգարանը զբաղեցնում է համալիրի առաջին երկու հարկերը: Այն բաժանված է մի քանի էքսպոզիցիոն սրահների՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, պատմական ճարտարապետության, Հայաստանի ժամանակակից և նորագույն պատմության բաժիններ: Պահպանվող շուրջ 400000 ցուցանմուշներից բաղկացած ազգային հավաքածուն ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը:

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Դրա ֆոնդերում առկա են ավելի քան 20000 արվեստի գործեր. արևմտաեվրոպական հավաքածուն ներառում է ավելի քան 350 կտավներ և նկարներ: Թանգարանում է ներկայացված նաև Այվազովսկու գործերի առավել ամբողջական հավաքածուն: Այստեղ են պահպանվում նաև արևմտաեվրոպական այնպիսի վարպետների կտավներ, ինչպիսիք են Ռուբենսը, Կանդինսկին, Շագալը, Կուրբեն, ինչպես նաև ռուս նկարիչներ Ռեպինի, Բրյուլովի, Սուրիկովի, Պետրովի և այլոց գործեր:

4. Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի կինոյի մեծագույն դեմքերից է, համաշխարհային ճանաչման արժանացած մի քանի ֆիլմերի հեղինակ` «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ.), «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» (1969թ.), «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1985թ.), «Աշուղ Ղարիբ» (1989թ.): Նրա արվեստը անկրկնելի է և, առաջին հերթին, ապշեցնում է իր մեծ երևակայությամբ, սրամտությամբ ու արտիստիզմով: Թանգարանի հավաքածուն պարունակում է ստեղծագործողի ինքնատիպությունն արտացոլող 1400 ցուցանմուշ. հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են` գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահկարասին և անձնական իրերը: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված են նաև շուրջ 250 ստեղծագործություն, փաստաթղթեր և լուսանկարներ:

5. «Արարատ» Երևանի կոնյակի գործարան

Երևանի Կոնյակի գործարանը կառուցել է 1887թ-ին Հին Էրիվան ամրոցի վայրում: Այսօր գործարանի «Արարատ» կոնյակները արդեն ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը և հայ վարպետների հմտությունը:

Այցելելով գործարան` կարելի է ծանոթանալ հայկական լեգենդար «Արարատ» կոնյակի պատմությանը, լինել գործարանի թանգարանում, տեսնել հնագույն հայկական տակառները, իմանալ` ինչպիսին են եղել հայկական կոնյակները 100-120 տարի առաջ և ինչ մեդալներ են զարդարում «Արարատ» լեգենդը, ականատես դառնալ կոնյակի արտադրման փուլերին և համտեսել տարբեր տեսակի հայկական կոնյակների անկրկնելի համն ու բույրը` հենց աղբյուրից:

6. Կասկադ և Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված է երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը` Կասկադը: Համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878–1936), ով ցանկանում էր քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից «գահավիժող» ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները: Այսօր Երևանի կենտրոնում գտնվող նախկին խորհրդային հուշարձանը ժամանակակից արվեստի առաջնակարգ կենտրոն է դարձել, որտեղ հետաքրքրասեր այցելուն կարող է բացահայտել արվեստի բացառիկ նմուշներ: Բացումից առ այսօր կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Հուշահամալիրն ունի այցելուների կենտրոն, թանգարանի խանութ, հատուկ միջոցառումների սրահ և ցուցադրությունների համար նախատեսված ավելի քան 1100 քառակուսի մետր տարածք:

7. Վերնիսաժ

Հանրապետության հրապարակին կից տեղակայված Վերնիսաժը Երևանի այն անկյուններից է, որն անպայմանորեն պետք է այցելել: Շաբաթ և կիրակի օրերին այս վայրը վերածվում է բացօթյա շուկայի, որտեղ կարելի է գտնել բացարձակապես ամեն ինչ` սկսած ձեռագործ զարդերից մինչև տարատեսակ ազգային հուշանվերներ:

8. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը հանրության առջև իր դռները բացել է 1968թ-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը գտնվում է Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Արին-Բերդ բլրի ստորոտին, որի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը` կառուցված է Ք.Ա. 782թ-ին ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի` Արգիշտի Ա-ի կողմից: Քաղաք-ամրոցը պեղվել է, որոշ կառույցներ ամրապնդվել և վերականգնվել են, արդյունքում Էրեբունին փոխակերպվել է թանգարանի` բաց երկնքի տակ: 649 հնագիտական իրերով ստեղծված մշտական ցուցադրությունը այցելուին ներկայացնում է Ուրարտուի պատմության, զարգացած տնտեսության, ճարտարապետության ու կերպարվեստի, ոռոգման և ամրաշինական  համակարգերի,  շինարարական տեխնիկայի, որմնանկարչության, խեցեգործության և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այցելուն այստեղ կարող է տեսնել Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը` ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող արձանագիր քարը: Թանգարանի մշտական ցուցադրության առանձին բացառիկ նմուշներ բազմիցս ժամանակավորապես արտահանվել և ցուցադրվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր թանգարաններում և ցուցասրահներում:

9. Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, իրական հայկական կոլորիտն ու ազգային ոգին կրող «Ալմաստ» օպերայի և բազում այլ ստեղծագործությունների հեղինակ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը Երևանի հետաքրքիր անկյուններից է: Այն բաղկացած է երեք ցուցասրահներից: Թանգարանային հավաքածուն ներառում է մոտ 1340 ցուցանմուշ, այդ թվում՝ կոմպոզիտորի անձնական իրերը, նրա ձեռագրերը, նամակներն ու փաստաթղթերը: Մոտ 80 առարկա կազմում է մշտական ցուցադրության մաս:

10.  Երվանդ Քոչարի տուն-թանգարան

Մեծն արվեստագետի աշխատանքները ներկայացված են աշխարհի բազում թանգարաններում, սակայն միայն այստեղ այցելուին հնարավորություն է ընձեռվում լիարժեք պատկերացում կազմելու Քոչարի անցած ստեղծագործական ճանապարհի վերաբերյալ: Թանգարանում ցուցադրված են «թիֆլիսյան», «փարիզյան», «երևանյան» ժամանակահատվածներին վերաբերող աշխատանքներ՝ նկարներ, գծագրեր, քանդակներ, հուշարձանների նախագծեր: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու մշակութային կենտրոնում կարելի է առնչվել քոչարական հրաշքին՝ տարածական գեղանկարչությանը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի ներկայումս հազվադեպ կիրառվող սառը մոմաներկով գեղանկարչության տեխնիկան: Ե.Քոչարն Երևանի խորհրդանիշը դարձած «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակն է:

Հյուրանոցներ
Համերգասրահներ