Նորություններ

Ջուլիետա Ալեքսանյանը՝ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթող

Հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձան Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի արժանացավ Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիետա Ալեքսանյանը, երկրորդ մրցանակը շնորհվեց Ազամատ Ժելտիրգուզովին (Ղազախստան, բարիտոն), երրորդ մրցանակակիր դարձավ Գագիկ Վարդանյանը (Հայաստան, բարիտոն)։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը։ Տարբեր կազմակերպությունների, մրցույթի ժյուրիի անդամների կողմից շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ։

Մրցույթի մասնակից Լիլիանա Նատալի Բյուիքիանսը (ԱՄՆ, սոպրանո) հատուկ մրցանակների արժանացավ Կոմիտասի երգի, ինչպես նաև 17-18-րդ դարերի արիայի լավագույն մեկնաբանությունների համար: Հայ կոմպոզիտորի երգի/ռոմանսի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ ստացավ Գագիկ Վարդանյանը: Ազամատ Ժելտիրգուզովն արժանացավ ռուս կոմպոզիտորի արիայի լավագույն մեկնաբանության և ազգային երգի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակների: Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայից արիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակներ շնորհվեցին Ազամատին և մրցույթի հաղթող Ջուլիետա Ալեքսանյանին: Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացավ Տիգրան Օհանյանը (Հայաստան, տենոր): Լավագույն կոնցերտմայստեր ճանաչվեց Ելենա Վարդազարյանը: Եղան նաև այլ մրցանակներ։

Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն առանձնացրեց այն փաստը, որ տարբեր երկրներից ժամանած մասնակիցները սովորեցին և կատարեցին Կոմիտասի ու այլ հայ կամպոզիտորների գործեր։ Արմեն Սմբատյանը նշեց, որ նման մրցույթները մեծ դեր են կատարում երիտասարդ տաղանդներին բացահայտելու, նրանց ճանաչելիություն պարգևելու հարցում։

Ժյուրիի նախագահ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ շատ հաճելի էր այս օրերի ընթացքում աշխատել իր գործընկերների հետ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` բարձր մակարդակով կազմակերպված մրցույթի համար:

Կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանն իր ելույթում նշեց, որ իր համար մեծ պատիվ էր լինել ժյուրիի անդամ. «Նման մրցույթներում երգիչները մրցում են իրենց անձի հետ: Բոլոր մասնակիցները բարձր մակարդակով երգող արվեստագետներ են: Մաղթում եմ հաջողություններ և նորանոր նվաճումներ»: 

Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ջուլիետա Ալեքսանյանը խոստովանում է, որ առաջին հորիզոնական գրավելն իր համար անսպասելի է, հաճելի ու պատասխանատու։ Երգչուհին մի քանի միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ Նա ասում է, որ մրցույթներին մասնակցությունը հաղորդում է էմոցիաներ, մեծ փորձ, վստահություն, և ռեալ կարողանում ես գնահատել ուժերդ։ Ջուլիետայի հետագա ծրագրերը կապված են երգեցողության հետ, քանի որ, ինչպես ինքն է ասում, շատ սիրում է բեմն ու երգարվեստը։

Երեկոյին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում հովանու ներքո անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։

Դեպի վերև
Eng Рус