Նորություններ

Խաչատրյանի մրցույթի մասնակիցները խոստովանում են, որ իրենց դժվարին մրցակցություն է սպասվում

Հունիսի 8-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում շարունակվում են Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի առաջին փուլի լսումները։ Տարբեր երկրներից ժամանած վոկալիստներն իրենց կատարումներով ներկայանում են հեղինակավոր ժյուրիին։

Ժյուրիի անդամ, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն նշեց, որ արդեն երկրորդ օրն են ունկնդրում մասնակիցներին. «Հիացած եմ, շատ լավ մասնակիցներ են, հատկապես հայ վոկալիստները. ուշագրավ են նրանց կոմիտասյան կատարումները»։ Ժյուրիի անդամը բարձր է գնահատում Խաչատրյանի մրցույթը, կազմակերպչական աշխարանքները, դրա դերը մշակութային կյանքում։

Խաչատրյանական մրցույթի մասնակիցներից է սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը։ Նա այս տարի ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի բակալավրիատը՝ Սուսաննա Մարտիրոսյանի դասարանը, միջազգային մրցույթների դափնեկիր է։ Ջուլիետտան ելույթից առաջ հուզվում է։ «Իհարկե, հաղթանակ ուզում են բոլորը։ Ես ցանկանում եմ մասնակցել, իմ ասելիքն ասել, մարդկանց հաղորդակից դարձնել իմ արվեստին»,- ասում է երիտասարդ երգչուհին՝ շեշտելով, որ մրցույթներին մասնակցությունը նաև փորձառություն է հաղորդում։ Նա ասում է, որ լսել է մրցույթի մյուս մասնակիցների կատարումները և խոստովանում, որ իրենց դժվարին պայքար է սպասվում։  Ջուլիետտան նաև նշում է, որ մեծ հպարտություն է Հայաստանում ունենալ այսպիսի բարձրակարգ մրցույթ։

Դեպի վերև
Eng Рус