Նորություններ

Խաչատրյանական մրցույթը՝ փայլուն հնարավորություն երիտասարդների համար

Դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ջոն Ֆիշերը Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամներից է: Ֆիշերն օպերային վոկալի աշխարհի ամենապահանջված ուսուցիչներից է, հանդես է գալիս այնպիսի կառույցներում, ինչպիսիք են Ջուլիարդի դպրոցը և Մետրոպոլիտենի «Երիտասարդ արտիստների ծրագիրը»:

«Այս մրցույթը շատ կարևոր է, քանի որ երգիչներին հնարավորություն է ընձեռում լսելի դառնալ աշխարհի տարբեր երկրներից թատերական ռեժիսորների, մենեջերների և կազմակերպիչների առջև: Սա նաև հիասքանչ հնարավորություն է այդ երիտասարդ արտիստների համար, նյարդայնացնող, ոչ այնքան հեշտ, բայց և միևնույն ժամանակ՝ շատ լավ փորձ»,-նշում է Ջոն Ֆիշերը:

Ֆիշերը փաստում է՝ մրցույթներում ինքը, որպես կանոն, փնտրում է ձայնային որակ, տեմբր, ամուր բազային տեխնիկա, միաժամանակ` արտահայտման մեջ երևակայություն, լավ լեզվաընկալում և երաժշտականություն, ինչպես նաև բեմական արվեստին կատարյալ տիրապետում:

«Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ, Անջելա Գեորգիուի, Էլինա Գարանչայի, Դմիտրի Խվորոստովսկու, Տուգան Սոխիևի, Յունդի Լիի և Սերգեյ Խաչատրյանի անձնական մենեջեր Մարկ Հիլդրյուն նույնպես խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամներից է: «Այս միջազգային մրցույթը համախմբում է մասնակիցների աշխարհի տարբեր ծայրերից և բացառիկ հնարավորություն է ընձեռում հանդիպելու նոր արտիստների և միջազգային հաղորդակցություն իրականացնել երգի և երաժշտության միջազգային լեզվով»,-նշում է նա՝ հավելելով, որ անհամբերությամբ սպասում է իր երևանյան այցին, որպեսզի կարողանա լսել մրցույթի մասնակից հիասքանչ երիտասարդ արտիստներին:

Դեպի վերև
Eng Рус