Նորություններ

Հաղթանակն այս մրցույթում հրաշալի մեկնարկ է՝ սկսելու միջազգային կարիերա

«Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դասախոս Անդրեյս Ժագարսն այս տարվա խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամներից է: Ժագարսը զբաղեցրել է Լատվիայի ազգային օպերայի (Ռիգա) գլխավոր տնօրենի պաշտոնը. նրա ղեկավարության ներքո Լատվիայի ազգային օպերան նշանակալի աճ է գրանցել՝ դառնալով միջազգայնորեն ճանաչված կառույց: 

«Կարևոր է Հայաստանից և այլ երկրներից գտնել ներուժ ունեցող տաղանդների: Մասնակցությունը և առավել կարևորը՝ հաղթանակն այս մրցույթում հրաշալի մեկնարկ է՝ սկսելու միջազգային կարիերա»,-նշում է Անդրեյս Ժագարսը:

Հանրահայտ բեմադրիչը փաստում է՝ Երևանում արդեն իսկ հասցրել է տեսնել հայ երիտասարդների բացառիկ տաղանդը: «Որպես ժյուրիի անդամ՝ ես ակնկալում եմ լսել տաղանդավոր ուսանողների և երիտասարդ երգիչների, որոնց հետ ես՝ որպես փորձառու բեմադրիչ և «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կցանկանայի մի օր միասին աշխատել և նրանց խորհուրդ տալ միջազգային հարթակներում»,-հավելում է Անդրեյս Ժագարսը:

Միջազգային ասպարեզում ճանաչված նյույորքաբնակ դիրիժոր Ջորջ Պարոդին նույնպես այս տարվա խաչատրյանական մրցույթի ժյուրիներից է: New York Daily News-ի կողմից փառաբանվելով որպես «Ստոկովսկուց հետո ամենաարտահայտիչ դիրիժորական ձեռքերն» ունեցող դիրիժոր՝ Պարոդին ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում Հարավային և Լատինական Ամերիկաներում, Եվրոպայում և Ասիայում:

«Հիանալի է, որ երիտասարդ արտիստները հնարավորություն ունեն բացահայտվելու այնպիսի միջավայրում, ինչպիսին Խաչատրյանի մրցույթի հանդիսատեսն ու մասնագետներն են։ Այն շատ բարձր է դիտվում միջազգային ասպարեզում »,-մրցույթի մասին նշում է Ջորջ Պարոդին: Մրցույթի ընթացքում Պարոդին ակնկալում է հանդիպել բարձրակարգ երգեցողության, ականավոր երաժիշտների և հետաքրքիր անհատականությունների։ 

Դեպի վերև
Eng Рус