Պատմություն

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-ից 14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003թ.-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Խաչատրյանական մրցույթը 2013 թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: 

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն»  մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) բոլոր անդամների միաձայն որոշմամբ՝ 2017 թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը պաշտոնապես համալրվել է ևս մեկ մասնագիտությամբ՝ վոկալ:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ և անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը: Խորհրդի կազմի մեջ են մտնում համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են՝  պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդ,   Պավել Կոգան, Էլժբետա Պենդերեցկա, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլով, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկի, Մարկ Զիլբերկվիտ, Կոնստանտին Օրբելյան և շատ այլ նշանավոր անձինք: 2008թ.-ին հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում ընտրվեց նոր նախագահ`արտակարգ և լիազոր դեսպան, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը:

Մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է` այն ներառում է ներկայացուցիչների ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից և այլ երկրներից:

Մրցույթի անցկացմանտարիների ընթացքում ժյուրիի կազմը մշտապես համալրել են գործունեության իրենց ոլորտներում բարձր հեղինակություն վայելող մասնագետները, այդ թվում՝  Գրիգորի Ժիսլինը (Մեծ Բրիտանիա), Ժան Տեր-Մերկերյանը (Ֆրանսիա), Զախար Բրոնը (Գերմանիա), Վլադիմիր Լանդսմանը (Կանադա), Ջասփեր Փերրոթը (Մեծ Բրիտանիա), Ռուստեմ Այրուդինովը (Մեծ Բրիտանիա), Չուն Պանը (Չինաստան), Բորիս Կուշնիրը (Ավստրիա), Հարալդ Հերցլը (Ավստրիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Լյուսի Իշխանյանը (ԱՄՆ), Ալեքսանդր Սոկոլովը (Ռուսաստան), Սվետլանա Նավասարդյանը (Հայաստան) և այլն: Նման անունների առկայությունը երաշխավորում է մրցույթի ընթացքի անկողմնակալությունը և սահմանում է դրա կարգավիճակն ու բարձր մակարդակը:

«Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամ

2003թ.-ին երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակը: Ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում ծրագրված էր բազմաթիվ միջոցառումների անցկացում ինչպես Հայաստաանում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս: Այս լայնամասշտաբ ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ստեղծվում է «Արամ Խաչատրյան - 100» հիմնադրամը՝ պատասխանատու ծրագրերի կատարման ամբողջ գործընթացի վերահսկողության համար: Վերոհիշյալ միջոցառումների շրջանակներում Երևանում առաջին անգամ մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ ուղղված տաղանդավոր երաժիշտների բացահայտմանը (ջութակ, թավջութակ և դաշնամուր մասնագիտություններով): Բազմաթիվ դրական արձագանքները նպաստում են մրցույթն ամենամյա դարձնելու որոշման կայացման վրա, ինչն, իր հերթին, ի հայտ է բերում մրցույթի հետ կապված բոլոր հարցերի կարգավորման համար պատասխանատու հատուկ մարմնի ստեղծման անհրաժեշտությունը: Այսպես, 2004թ.-ին «Արամ Խաչատրյան - 100» հիմնադրամը վերանվանվում է «Արամ Խաչատրյան - մրցույթ» հիմնադրամի, որը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ, մինչ օրս կյանքի է կոչում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը:

Աշխատակազմ և կամավորներ

Աննա Տեր-Հովակիմյան Գործադիր տնօրեն
Սարգիս Բալբաբյան Գեղարվեստական մասի պատասխանատու
Ֆելիքս Բաբուրյան Միջոցառումների կազմակերպման պատասխանատու
Լիլիթ Մացակյան Ժյուրիի և պատվավոր հյուրերի գծով պատասխանատու
Սոնա Մատինյան Մասնակիցների գծով պատասխանատու
Աննա Գևորգյան Գրասենյակի մենեջեր

Եթե հետաքրքրված եք մեր նախագծով և ցանկանում եք ձեռք բերել ընդհանուր արժեքներ կիսող մարդկանց հետ կամավորական աշխատանքի գործնական փորձ, ապա մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր շարքերում: Կատարեք ձեր սեփական ներդրումը Հայաստանում դասական արվեստի ոլորտի զարգացման գործում:

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները) 
  • Առնվազն մեկ օտար լեզվի գերազանց իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության և կարգապահության ընդգծված հատկանիշներ 
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն

Աշխատանքի հնարավորություն

Ներկա պահին թափուր աշխատատեղեր չկան:

Հետադարձ կապ

Հայաստան, 0001, Երևան, Սայաթ Նովա 1ա, բնակարաններ 300-302. հեռ.:
+374 60 511171, էլ․ հասցե: info@akhic.am

Դեպի վերև
Eng Рус