Արամ Խաչատրյան

Հայ երաժշտական մշակույթի բարձունքներում կանգնած մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ներդրումն անցյալ դարի դասական երաժշտության մեջ չափազանց նշանակալի է: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ա. Խաչատրյանի անունը դասում է քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին, իսկ «Գայանե» բալետից «Սուսերով Պար»-ին առաջնային տեղ է հատկացնում մեր ժամանակների ամենահանրաճանաչ գործերի ցանկում:

 

«Խաչատրյանի Ջութակի Կոնցերտին և, հետևաբար, դրա հեղինակին, ես պարտավոր եմ շատ բանով, քանի որ ինձ ճանաչում և ջերմորեն ընդունում էին այն վայրերում, որտեղ ես երբևէ չէի եղել: Շատ երկրներում ունկնդիրը ծանոթ էր իմ ձայնագրություններին, սակայն Խաչատրյանի Կոնցերտը հատուկ ընդունելության էր արժանանում:

Արամ Խաչատրյանի գործերն այնքան անհատական են, հագեցած նորույթներով, որ լսելով նրա` ինչպես վաղ, այնպես էլ բոլորովին վերջերս գրված ստեղծագործությունները, մշտապես հիանում ես տաղանդով, որը թույլ է տալիս նրան ստեղծել աշխատանքներ` անկեղծ, հուզիչ, թարմ, միշտ երիտասարդ ոգով»:

Դավիդ Օյստրախ

 

«Իմ առաջին ծանոթությունն Արամ Խաչատրյանի աշխատանքների հետ տեղի ունեցավ 1935թ.-ին: Ապա, Լենինգրադում Ֆրից Սթիդրիի ղեկավարությամբ հնչեց Ա. Խաչատրյանի Սիմֆոնիան`տաղանդավոր աշխատանք` լի հազվագյուտ ազգային ինքնությամբ ու լիաթոք աշխարհընկալմամբ: Մենք ականատես եղանք մի կոմպոզիտորի ծնունդի, ով ուներ համարձակ ու անկախ մտածողություն, ուրույն աշխարհայացք… Այսպիսով ոչ մի կասկած չէր մնացել. մեր արվեստ մուտք էր գործում վառ, աչքի ընկնող և հզոր տաղանդ, որին վիճակված էր բացել 20-րդ դարի երաժշտության նոր հորիզոններ և գրավել ժամանակակից երաժշտության արարիչների շարքում առավել պատվավոր տեղերից մեկը:

Խաչատրյանի երաժշտության մեջ առկա է ամենամեծ տաղանդներին բնորոշ ևս մի գիծ` անհատական ստեղծագործական ձեռագիր և ինքնատիպ ոճ: Իրաբամբ, նրա ձեռագիրը կարելի է կռահել մի քանի տակտից: Եվ այս առանձնահատկությունը դրսևորվում է ոչ միայն ստեղծագործական ոճի ու երաժշտական տեխնոլոգիաների մեջ, այլ նաև ինքնին կոմպոզիտորի աշխարհի տեսլականի մեջ` հիմնված լավատեսության և կենսախինդ փիլիսոփայության վրա: Այդ է պատճառը, որ իր ողջ լրջությանն ու խորությանը զուգահեռ, նրա արվեստը միշտ ուղղված է լայն հասարակությանը…»

Դմիտրի Շոստակովիչ

 

«Արամ Խաչատրյանը մշակույթ մտավ հաստատուն «հայցով»` միանգամից և մշտապես դրոշմվելով երաժշտության պատմության մեջ. նա բարձր մասնագիտական ուղեծիր հանեց արևելքի իրական ժողովրդական հարստությունը…

Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքն իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ: Դրա ելևէջներից շատերը կոմպոզիտորն այնքան խորն էր ընկալել և վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական»:

Էդվարդ Միրզոյան

 

«Խաչատրյանը բերեց աշխարհ` լի նոր ձայներով, գրավիչ էներգիայով, խառնվածքով և ուժով, ռիթմերի զանազանությամբ, գույների հարստությամբ, իր տաղանդին բնորոշ առատաձեռնությամբ նա պահպանեց իր երաժշտության մեջ հարավային արևի ջերմությունը:

Խաչատրյանի երաժշտությունը զարմանալիորեն բալետային և պարային է, կայծակնային արագությամբ ծնում է բազմազան պլաստիկ պատկերներ, հուշում ու ոգեշնչում է շարժումներ: Եվ դա ոչ այնքան հաճախ հանդիպող տաղանդ է` ստեղծել իսկապես թատերական, այսպես ասած, պլաստիկ երաժշտություն:

…Յուրաքանչյուր իր ստեղծագործության մեջ կոմպոզիտորն անմիջական և անկեղծ է մինչև վերջ, նրան երբեք չես մեղադրի ստեղծագործական ստի և կեղծիքի մեջ: Այո´, անկեղծությունն ու անմիջականությունը նույնպես այս տաղանդի կարևոր հատկանիշներ են, որում ապրում է երիտասարդ, տարիների ընթացքում չհարթվող, պրպտուն ոգի:

Նա մի մեծ երեխա է` մասամբ միամիտ, շուտ վիրավորվող, սակայն օժտված տիպիկ արևելյան մարդամոտությամբ` ուրախ ու մեծահոգի մարդկանց, աղմկոտ հավաքույթների սիրահար»:

Յուրի Գրիգորովիչ

 

Լուսանկարներ

Դեպի վերև
Eng Рус